Գրքի մասին

Զարմանալի զգացողություն է առաջանում Ժուլէթ Պետրոսյանի գողտրիկ այս ժողովածուն ընթերցելուց․ առաջին հայացքից թվում է, որ այստեղ ամփոփված են հեղինակի առանձին մտքերը, հույզերը, մինչդեռ էջ առ էջ սկսում ես գիտակցել, որ սա մեկ  ամբողջություն  է՝  մեկ  Մատյան, եւ ինչպես մարդու կյանքն է կազմված իր ապրած օրերի փազլից, այնպես էլ այստեղ՝ փազլի պես, հավաքված են արարված այս աշխարհի կանոնները, ապրելու արվեստի բացահայտումները, մարդուն մտատանջող հարցականները։

«Աստծո հետ ժամադրավայր է բանաստեղծությունը»,- ասում է հեղինակը եւ տանում ընթերցողին իր հետեւից՝ կանգնելու Աստծո առջեւ՝ աղոթելու, զրուցելու, հարցնելու եւ պատասխաններին սպասելու։

Դիպուկ բնորոշումներ, խորքային համեմատություններ, փիլիսոփայական եզրահանգումներ՝ յուրաքանչյուր տողում, սույն Մատյանի յուրաքանչյուր բանաստեղծություն- փազլում, որն իր արձագանքն է գտնում ընթերցողի հոգում, առաջացնելով համաձայնելու, վիճելու, իրն առաջարկելու մղումը։ Եվ հենց այստեղ, այս էջերում է կայանում ընթերցողի եւ հեղինակի հոգիների հանդիպումը՝ չէ՞ որ հենց ինքն է ասում՝  «բանաստեղծությունը հոգու հասցեն է»։

Գրականության մեջ հայտնի աֆորիզմներ ժանրին Ժուլէթ Պետրոսյանի ստեղծագործական գրիչը նոր երանգ է հաղորդում, նոր հանդերձանք տալիս․ լակոնիկ, մեկտող սուր աֆորիզմների հետ մեկտեղ իր յուրաքանչյուր միտք- պատկեր արձակ բանաստեղծության առանցքում հեղինակը նոր աֆորիզմ է  հյուսում,  որը  ծաղկի  թերթիկների  պես՝ ոչ հանկարծ, բացվում է․ «Վաղուց մոխիր եմ։ Ծխով չես վախեցնի ինձ», «Անխուսափելի է ճյուղերի սուսերամարտը, թե սաղարթը քամու հետ սիրաբանե», «Անսեր մարդուց մահն էլ կխուսափի։ Իսկ փոքրոգիները կկարծեն՝ չարը հարատև է»․ սրանք հատվածներ են Ժուլէթ Պետրոսյանի բանաստեղծություններից, եւ սրանցից յուրաքանչյուրը մի նոր աֆորիզմ է։

Ահա այսպիսին է Ժուլէթ Պետրոսյանի խոսքը, որը ծնվում է իր եւ ճերմակ թղթի մտերմությունից՝ Աստծո հետ ժամադրավայրում, եւ Մարդու հանդեպ (ով նրա բնորոշմամբ՝ «Տիեզերք    է    քայլող»)    խորը    եւ    նուրբ    հարգանքից․

«Հաղթանակս ուրիշի պարտության հաշվին չլինի՜»։ Եվ կարծես ինքն իրեն է ասում․ «Բնությունն ու մարդը Աստծո երազանքի պտուղներն են։ Մնացյալն ավելորդություն է ․ ․ ․»։

Հրատարակչի կողմից

Գ․Ա․