Հայրենիք եմ ուզում

Հայրենիք եմ ուզում մոլորակի պես կլոր ու բարի, ուր էլ գնամ՝ ոտքերս նորից հոն բերեն․․․

Շոյենք նայողի հայացքը ու խաբվածների արցունքներից ծով արարենք։ Օրը շշնջա, որ քսանչորսը միֆ է, մենք հավերժությունն ենք, որ կանք։ Երազներս իրենց որբ չզգան․․․ Ապագայի հողը վարեմ, ամպերը սրբեն քրտնքիս կաթիլները․․․

Որքան էլ վեր սավառնենք, արմատները մեզանից հաշիվ են պահանջելու։ Պարտավոր ես հողին դրոշմելու անկշիռ ներկայությունդ։ Տիեզերքի ընթացքը անսխալ է, թեկուզ հեռվից սենտիմենտալ է երեւում․․․

Հայրենիքս աշխարհի չափ անսահման լինի ու տեղափորվի ափերիս մեջ։ Նախապապս պորտալարս կապի արեւի շողով։ Ջրհեղեղից թրջված հողը չորացնենք ծիածանի մեջ, որ նույնիսկ մահս երփներանգ լինի․․․

Հայրենիք եմ ուզում, ուր զենքի շաչյունը դեռ չի հնչել ու երբեք էլ չպիտի հնչի։ Իրար հետ հաշտվեն «այո»-ն ու

«ոչ»-ը․․․ Լուսնի սափորից ծորի սերը։ Ծծեմ, ծծեմ հրաշք գիշերը ու չհագենա՜մ․․․ Սրբեմ կարոտից հրկիզված շուրթերս ու համբուրեմ խավարը մութ․․․

Հայրենիք եմ ուզում, որը դրախտի կապույտը չի մոռացել առնել իր մեջ։ Անտեսանելի կապով ժխտի բաժանման գոյությունը։ Այս հեթանոսական  արարողությունը դառնա իմ անմահության վկայագիրը։ Ես գլխապտույտ եմ ունենում ամեն անգամ, երբ աշխարհն ու արեւը հանդիպում են իրար։ Տեսնես աշխարհը վերջապես իր թեւը կդնի՞ արեւի ուսին, կխոստովանի՞ իր չքնաղ սերը․․․

Երբ մոլորվեմ այս սուտ աշխարհում, հայրենիքս մարմնացած բարություն դառնա․․․

․․․Աշխարհի անունը մայր է։ Փորձում է ամեն ինչ ցույց տալ կաթի պես անաղարտ։ Բայց բավական է մեծանաս՝ էլ չես հավատա, որ կաթի մեջ սեւ չկա․․․

Հայրենիք եմ ուզում, ուզածս շա՞տ է․․․

Please follow and like us:

Write a Reply or Comment

Your email address will not be published.